ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Բարսելոնն» ու ՊՍԺ-ն նույնպես ցնծում են

«Բարսելոնն» ու ՊՍԺ-ն նույնպես ցնծում են
19.05.2015 | 10:49

Նախավերջին տուրերի արդյունքներով հայտնի դարձան Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների վերջին երկու չեմպիոնները: «Բարսելոնը» դա արեց «Աթլետիկոյի» հետ արտագնա խաղում, իսկ «Պարի Սեն Ժերմենը» երրորդ անընդմեջին հասավ «Մոնպելիեի» հետ մրցակցությունում: Նույնպես արտագնայում:

ԻՍՊԱՆԻԱ
Ինչպես և մեկ տարի առաջ, չեմպիոնը որոշվեց «Աթլետիկո»-«Բարսելոն» մրցավեճում: Անցած տարի ոչ-ոքին ոսկե մեդալներ բերեց Դիեգո Սիմեոնեի սաներին, այս անգամ ոչ-ոքիի փոխարեն Մեսիի ոսկե ձախի «ձեռամբ» գրանցվեց հաղթական արդյունք: Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ սա կատալոնցիների առաջին մեծ նվաճումն էր ընթացիկ մրցաշրջանում, և, դատելով «Բարսելոնի» խաղի որակից, բնավ էլ ոչ վերջինը. գիտեք, կատալոնյան գերակումբը դուրս է եկել երկրի գավաթի եզրափակիչ, եզրափակչում է և Չեմպիոնների լիգայի: Ասել է թե` երկու տրամադրված խաղ, ու անցած հանգստյան օրերի տոնը երկրի արդեն քսաներեքակի չեմպիոնը կարող է վերածել եռատոնի:
Պայմանավորված «Վալենսիա»-«Սելտա» մրցակցությամբ (1:1)` «Աթլետիկոյի» համար մրցաշրջանն ունեցավ բրոնզափայլ, ինչը նույնպես վատ արդյունք չի կարելի համարել, որքան էլ նախորդ տարվա ոսկին անհամեմատ գերադասելի էր: Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալին», վերջին հույսի խաղով այն պարտության մատնեց «Էսպանյոլին» (4:1), սակայն, հասկանում եք, պայմանավորված եզրագծին մոտեցած պաշարով (չորս միավորով հետ էր մնում «Բարսելոնից»), ամեն ինչ չէ, որ կախված էր նրանից, իսկ ընթացքում թույլ տված սխալների համար բնականաբար պիտի հատուցել: Իհարկե, երկրի փոխչեմպիոնությունը պակաս արժեցող բան չէ, բայց արքայականը, այնուամենայնիվ, անհարմարավետության զգացողություն ապրելու իրավունք ունի:


ՖՐԱՆՍԻԱ
Նախավերջին տուրը չեմպիոնություն բերեց նաև «Մոնպելիեի» հետ հաղթական խաղ անցկացրած «Պարի Սեն Ժերմենին» (2:1): Մայրաքաղաքայինների վաղաժամկետ չեմպիոնությանը կարող էր խանգարել միայն երկրորդ տեղում ընթացող «Լիոնը», սակայն վերջինս «պլանավորված» երեքի փոխարեն ընդամենը մեկ միավոր վաստակեց «Բորդոյի» հետ խաղում (1:1): Նշենք, որ այս ոչ-ոքին թիմին արժեցավ փոխչեմպիոնություն: Դիվիզիոնում, փաստորեն, բաց է մնացել միայն բրոնզե մեդալների տիրակալի հարցը, քանի որ թե՛ «Մոնակոն», թե՛ «Մարսելը» հաղթանակով են ավարտել հանդիպումները (առաջինը երկու անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Մեցին», երկրորդը 4:0 հաշվով «պատժել» է «Լիլին»)` պահպանելով միմյանց հանդեպ ունեցած երկու միավորի տարբերությունը:

ԱՆԳԼԻԱ
Այն բանից հետո, երբ մյուս մրցակիցների համեմատ մեկ պակաս խաղ անցկացրած «Արսենալը» սեփական հարկի տակ նախորդ տուրում անակնկալ պարտություն կրեց «Սոունսիից», էապես լարվեց առանց էլ այն գերլարված պայքարը մեդալների համար: Մրցաշարային իրավիճակը 37-րդ տուրում լոնդոնցիներից, բնականաբար, պահանջում էր բացառապես հաղթանակ, սակայն այդ նույն հաղթանակն օդի պես անհրաժեշտ էր նաև զինագործների մրցակցին`«Մանչեստր Յունայթեդին», որը նույնպես դեռևս դուրս չէր մնացել մեդալների համար պայքարից: Արդյունքում ստացվեց մարտական ոչ-ոքի (1:1)… գերազանցապես հօգուտ «Մանչեստր Սիթիի», որն արտագնայում 4:2 հաշվով հաղթանակ տարավ «Սոունսիի» նկատմամբ և անհամեմատ մոտ է երկրի փոխչեմպիոնությանը, ու, ամենայն հավանականությամբ, արծաթե մեդալների համար պայքարում «Արսենալին» չի օգնի անգամ պակաս անցկացրած մեկ խաղը: Առաջատար եռյակից «Վեստ Բրոմվիչի» հետ «Չելսիի» խաղը երեկ ուշ երեկոյան էր: Մրցաշարային առումով այն «ազնվականների» համար ոչինչ չէր որոշում, քանի որ «Չելսին» վաղաժամկետ է լուծել ոսկե մեդալների հարցը:

ԳԵՐՄԱՆԻԱ
Առաջնության նախավերջին տուրը հավասարապես սկզբունքային նշանակություն ուներ ինչպես Դորտմունդի «Բորուսիային» հյուրընկալած «Վոլֆսբուրգի» (2:1), այնպես էլ «Վերդերին» հաղթած Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» համար (2:0): Արդյունքում պահպանվեց իրարից ունեցած երկու միավորի կտրվածությունը, որտեղ ավելի շահեկան վիճակում են «գայլերը»: Ինչ վերաբերում է չեմպիոնությունը նվաճած «Բավարիային», այն արտագնա խաղում իր համար ոչինչ չասող շռայլություն թույլ տվեց վտանգավոր գոտում գտնվող «Ֆրայբուրգի» հետ` պարտվելով 1:2 հաշվով:

ԻՏԱԼԻԱ
Ի տարբերություն գերմանական առաջնության չեմպիոնի, «Յուվենտուսն» իրեն վայրկյան իսկ թուլանալու շռայլություն թույլ չի տալիս: Այդ յուրօրինակ ժլատության զոհն այս անգամ եղավ նրան հյուրընկալած «Ինտերը»` 1:2:
Հաղթական հանդիպում անցկացրեց և «Լացիոն»` արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասնելով Եվրալիգայում հանդես գալու հավակնություններ ունեցող ու այս պարտությամբ դրանք վերջնականապես թաղած «Սամպդորիայի» նկատմամբ: Ի դեպ, «Լացիոն» կարող էր երկրորդ տեղում էլ մնալ, եթե «ՈՒդինեզեի» հետ խաղը ձախողեին իտալական «գայլերը»: Բայց ոչ: «Ռոման» տնային խաղում հաղթանակի հասավ 2:1 հաշվով ու վերադարձրեց ժամանակավորապես կորցրած հորիզոնականը: Արծաթի համար պայքարում «Լացիոն» «Ռոմայից» հետ է մնում ընդամենը մեկ միավորով: Հավելենք, որ մեդալային հավակնությունները վերջնականապես չի կորցրել և «Նապոլին», որը պակաս անցկացրած մեկ խաղ ուներ և երեկ այդ բացը պիտի լրացներ «Չեզենայի» հետ հանդիպումով: Այն կայացել է երեկ, ուշ երեկոյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ